Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը, սակայն այն պետք է հաստատի նախագահ Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ ռազմական ինստիտուտի պետն աշխատանքից ազատվում է նախարարի հրամանով: Ինչ վերաբերում է ռազական ինստիտուտի անձնակազմի մյուս անդամներին, ապա նրանք կհեռացվեն աշխատանքից, ոմանց կազատի նախարարը, ոմանք՝ իրենց դիմումների համաձայն: Գործընթացը սկսված է:

Նշենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո հրավիրված արտահերթ խորհրդակցությունն ունեցել է նաեւ գաղտնի մաս, որը չի հրապարակվել: Խորհրդակցությանը մասնակցած մեր աղբյուրը պատմեց, որ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցեծ տեղի ունեցածի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։

Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։

Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։