2015թ. հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կանխվեց «Ազատ» Արցախի մուտքի մոտ` ոհմակի կողմից, որոնց զգալի մասը կրում էին ոստիկանական համազգեստ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը (նախագահ՝ Պետրոս Մակեյան):

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Կատարվածը, եթե ներկայացվեր առանց մեկնաբանության, յուրաքանչյուրի մոտ տպավորություն կձեւավովեր, որ Ադրբեջանական դիվերսիոն գումարտակ է ներթափանցել Հայաստան:

Միայն ոխերիմ եւ մարդկային կերպարանք չունեցող թշնամին չէր թողնի նահանջի միջանցք եւ կշարունակեր հետապնդել:

Այնուամենայնիվ, մեր հասարակության համար ծանոթ ձեռագիր է, ինչի ականատեսն ենք եղել 2003թ. ապրիլի 12-ի գիշերը` Բաղրամյան պողոտայում, 2007թ. մայիսի 9-ին` Նալբանդյան փողոցում, եւ 2008թ. մարտի 1-ին:

Ոհմակը թույլ չտվեց Արցախ մուտք գործեն նրանց, որոնք, ժամանակին, առանց վարանելու, իրենց կյանքը նվիրաբերել էին Արցախ աշխարհին: Այսօր նրանց ընտանիքների ներկայությամբ նսեմացնում ու ծեծի են ենթարկում, ինչը, ժամանակին, թուրքի երազանքն է եղել:

Մենք դիմում ենք հասարակության կողմից մեծ հարգանք վայելող, նաեւ Արցախի ազատամարտի մասնակից Պարգեւ Սրբազանին` համացանցում վերոնշված կադրեր տեսնող, սահմանը պահող զինվորին արդյո՞ք հավատ կներշնչի օր ու գիշեր իշխանական ու ոչ իշխանական քարոզչությունը հայրենասիրության ու միասնության մասին, եւ այն դեպքում, երբ իրական թշնամին յուրաքանչյուր օր երազում ու փորձում է մտնել մեր տունը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, խորը ցավ ապրելով կատարվածի համար, դիմում է ամբողջ հայությանը` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ժամանակն է սթափվենք, խեղդենք մեր միջի ստրուկը եւ հասկանանք, որ որեւէ տարբերություն չկա օտար զավթիչի եւ սեփական օլիգարխիկ զավթիչների միջեւ:

Ժամանակն է անհրաժեշտ պահին ոտքի կանգնենք եւ մեր Հայրենիքը ազատագրենք ոչ միայն զավթիչներից, այլեւ նրանց թողած կեղտոտ ժառանգությունից:

Աստված օգնական Հայ ժողովրդին: