Որեւէ մեկս չպետք է մեր ներքաղաքական տարաձայնությունները, գաղափարները, պայքարը տանենք Արցախ: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին:

«Իրենց ներքաղաքական խարդավանքներին թող ԼՂՀ-ն չխառնեն, երկրորդը՝ խաղաղ երթ էր, թող գան Երեւանում անեն, Արցախում ինչ գործ ունեն»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Նա հրաժարվեց ասել՝ իրավաչափ էին ոստիկանների գործողությունները, թե ոչ, բայց շեշտեց, ԼՂՀ նախագահի խոսնակի եւ ԼՂՀ  ոստիկանության հայտարարություններին չհավատելու հիմքեր չկան:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀ-ն ունի բազմաթիվ խնդիրներ, ինքը բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների հետ պատիվ է ունեցել լինելու Արցախում, և երբեք այնտեղ մեր ներքաղաքական խնդիրները չեն քննարկել: «Մենք երբեք մեր ներքաղաքական տարաձայնություններն Արցախ չենք տարել: Արցախը անկախ, ժողովրդավարական հանրապետություն է դե ֆակտո, կարիք չկա ՀՀ ներքաղաքական խնդիրներին մասնակից դարձնել Արցախի Հանրապետությանը:

Ես շնորհավորում եմ իրենց, որ նմանատիպ քայլով կարողացան լեզու դնել ադրբեջանական լրատվամիջոցների բերանը: Եթե դա էր իրենց նպատակը, դա էր իրենց հայրենասիրությունը, ես գիտեմ, որ հիմա ինձ կսկսեն քննադատել, բայց ջհանդամը, ես իմ կարծիքն ունեմ, և անթույլատրելի եմ համարում, ով ուզում է լինի՝ իշխանություն, թե ընդդիմություն, որ իր ներքաղաքական հաշվարկները տանի, Արցախի վրա տարածի»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց են տեղափոխվել մի քանի անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է: ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում»։

«Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու: