«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվածների փաստաբանները կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով դատարանն այսօր՝ փետրվարի 2-ին, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Վճռով եւս մեկ անգամ հաստատվեց, որ թե առաջին ատյանի դատարանի, թե Վերաքննիչի կողմից քննություն չի եղել: Դատարանը խնդիր ուներ քննությունն արագ ավարտելու, նույնիսկ չլսեցին պաշտպանների միջնորդությունները: Մենք կդիմենք Վճռաբեկ, այնուհետեւ Եվրոպական դատարան»,- NEWS.am-ին ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Դատապարտյալներից Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի խոսքով՝ վճիռը կանխատեսելի էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իշխանությունն արդեն արտահայտել էր իր դիրքորոշումը, որին համապատասխան էլ վճիռ պետք է կայացվեր:
«Վերաքննիչում որպես այդպիսին ոչինչ տեղի չունեցավ, ես Վերաքննիչից առանձնապես հույսեր էլ չունեի: Հայաստանում դժվար գտնվի այնպիսի դատական ատյան, որն իշխանությանը հակառակ որոշում կայացներ»,- ասաց Արա Զաքարյանը:
Նշենք, որ 2014թ. հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նոյեմբերի 5-ի գործով 13 ամբաստանյալներին դատապարտել էր 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակել։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։




























