Փետրվարի 1-ին Արցախի ՊԲ առանձին ինժեներասակրավորային գումարտակներից մեկը նշել է կազմավորման 20-ամյա տարեդարձը, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, արցախյան ազատամարտի վետերաններ եւ հյուրեր:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե կազմակերպված հանդիսավոր միտինգի ընթացքում հնչել են ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել գումարտակի կազմավորմանը, արցախյան գոյապայքարում վերջինիս անցած ուղուն ու նրա դերակատարությանը վճռորոշ ճակատամարտերին: Մեկ անգամ եւս հիշվել եւ մեծարվել են հայրենիքի համար մղված պայքարում մարտիրոսված ինժեներ-սակրավորները:

Տոնական միջոցառումների ավարտին հրապարակվել են ՊԲ եւ զորամասի հրամանատարների «Տարեկան տոն օրվա» մասին հրամանները, որոնց համաձայն աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով եւ արժանացել  դրամական խրախուսման: