Շրջանառության հարկի մասին իշխանությունների օրինագիծն առայժմ ժամանակ ձգձգելու նպատակ ունի, ոչ ավելին: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա կարծիքով, փոքր եւ միջին բիզնեսի համար ապրանքների մնացորդների հաշվառման վերջնաժամկետը փետրվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը երկարացնելու պահանջը հարցը չի լուծի, իսկ ավելորդ ամիսները ոչինչ չեն փոխի: Եթե իշխանությունները համաձայնեն ոչ իշխանական ուժերի առաջարկած փոխզիջմանը, ապա արտահերթ նստաշրջան կհրավիրեն. դրա համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան:
«Ընդ որում, մենք այլընտրանքային օրինագիծ կներկայացնենք, որը ոչ իշխանական ուժերն արդեն պատրաստել են»,- հավելեց Զոհրաբյանը: Նա նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցել ստորագրահավաքին, սակայն եթե նստաշրջանը կայանա, խմբակցության պատգամավորները կմասնակցեն:
Հիշեցնենք, որ փոքր եւ միջին բիզնեսը, նրանց հետ՝ նաեւ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը, առաջարկում են հարկման երկու տարբերակի հնարավորություն թողնել. հին (ենթադրում է շրջանառությունից 3.5%-ի չափով հարկի վճարում՝ լիբերալ փաստաթղթաշրջանառությամբ) եւ նոր (1%-ի չափով) տարբերակներով:





























