Բաքվի Four Seasons հյուրանոցը, Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ, հանդես է եկել անսպասելի առաջարկով՝ ռոմանտիկ ընթրիք կազմակերպել «Կույսի աշտարակ» («Քըզ Քալասը») տանիքին։

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, սիրահարները, սակայն, առանձնապես ուրախանալու առիթ չեն ունենա,քանի որ այդ ընթրիքը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մարդկության պատմության մեջ ամենաթանկ ընթրիք։ Սիրելիին ընթրիքի հրավիրած երիտասարդը գրպանում պետք է պատրաստ ունենա 100 հազար ադրբեջանական մանաթ (120 հազար դոլար)։

Նման թանկ գինը ինչ-որ կերպ արդարացնելու համար հյուրանոցն առաջարկել է մի շարք լրացուցիչ ծառայություններ։

«Սիրահարներին կհատկացվեն ամենաշքեղ համարները՝ Four Seasons Hotel Baku հյուրանոցի նախագահական լյուքսը։  Առաջարկն իր մեջ ներառում է լիմուզին, որը զույգին սպասելու է հենց տան մուտքի մոտ, աշխարհի որ կետում էլ, որ դուք գտնվեք։ Կտրամադրվի նաեւ դեպի Բաքու ինքնաթիռի առաջին կարգի տոմս։ Հեքիաթային երեկոն, որը կսկսվի լեգենդար «Կույսի աշտարակ» տանիքին, ուր սիրահարներին կմատուցեն շամպայն եւ սեւ խավիար, իր շարունակությունը կունենա Kaspia ռեստորանում՝ յուրահատուկ տոնական սեղանի շուրջ»,- ասվում է հյուրանոցի հայտարարության մեջ։

Սակայն, ինչպես գրում է կայքը, ամենայն հավանականությամբ, այդ օրը աշտարակի մոտակայքը լի է լինելու պարապ-սարապների բազմությամբ, որոնք կցանկանան տեսնել այդ գումարը վճարած մարդկանց։