Թեեւ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը դատապարտում է Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» մասնակիցներին ծեծի ենթարկելու փաստը, այնուամենայնիվ, չի հասկանում, թե ինչ կապ ունի Հայոց Ցեղասպանությունը ռեժիմի հետ, առավել եւս Հայաստանի ներքաղաքական կյանքն Արցախի հետ:

«Լավ կլիներ, որ Արցախի իշխանությունները ներողություն խնդրեին, սակայն ի՞նչ գործ ունի «Հիմնադիր խորհրդարանը» Արցախում: Անիմաստ է Ցեղասպանությունը ռեժիմի հետ կապելը: Չի կարելի քաղաքականացնել այս ցավը, պարզապես չի կարելի: Մարդիկ ուղեղ պետք է ունենան էլի»,- այսօր` փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Դեւրիկյանը` հավելելով, որ եթե չլիներ ծեծի փաստը, ինքն ավելի անարգական խոսքեր կասեր «Հիմնադիր խորհրդարանի» մասին:

Գիտնականի հետ համաձայն չէ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա խոսքով` այս երթը քաղաքական հեղաշրջման համար չէր արվում, կարելի էր հանգիստ չեզոք վերաբերվել դրան եւ այսօր այս խնդիրը չէր առաջանա:

«Պետք չէ ասել` Արցախի ոստիկանությունը ջարդել է երթի մասնակիցներին: Խնդրում եմ չտարանջատել: Ոստիկանությունը ոստիկանություն է»,- նշեց Անուշ Սեդրակյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ համոզված է, որ Բերձորում տեղի ունեցած դեպքերի հետեւում կանգնած են Հայաստանի իշխանությունները. «Հայաստանի իշխանություններն օգտագործեցին ղարաբաղցիներին` իրենց ներսի ըմբոստներին ջարդելու համար: Սա կարող է բերել հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման սրացմանը: Սա ահավոր վտանգավոր երեւույթ է: Արցախի իշխանությունները պետք է տղամարդկություն ունենան եւ ներողություն խնդրեն եւ պատժեն որոշ պաշտոնյաների հրապարակավ»:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: