Փոքր բիզնեսի շրջանառությունն ամբողջությամբ թափանցիկ պետք է լինի: Միայն ՀԴՄ տեղադրելով խնդիրը չի լուծվում: Այս մասին փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային Ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Սարքն ուղեղ չունի: Կոճակը սեղմեցիր՝ կտրոնը ստացար, չսեղմեցիր՝ չստացար: Սարքը չի կարող մտածել, ստվերո՞ւմ աշխատի, թե՝ ոչ: Իսկ ահա առեւտրականները կարող են: Այդպես էլ շրջանառությունը չի արձանագրվում: Ինչ է ստացվում. հարկայինին թույլ չեն տալիս ստուգել ապրանքների մնացորդը, հաշիվները ստուգել՝ նույնպես: Միակ վերահսկողությունը ՀԴՄ-ների միջոցով է: Ուրեմն թող փոքր բիզնեսը գործարքների հիման վրա փաստաթղթեր վերցնի: Դուք ասում եք՝ հարկավոր չէ: Իսկ ինչո՞ւ: Գիտե՞ք ինչ կլինի այդ դեպքում: Կլինեն դեպքեր, երբ սուբյեկտը տարեկան 12 հազար դոլարի տարածքի վարձի պայմանագիր կունենա, իսկ առեւտրաշրջանառության փաստաթղթեր՝ ընդամենը 5 հազարի: Ահա այդպիսի հեքիաթներ կլինեն»,- հայտարարեց Այվազյանը:





























