Շրջանառության հարկն ավելի արդյունավետ կլինի, եթե այն պրոգրեսիվ դարձնենք: Այս մասին փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր, ֆինանսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

Նա նաեւ հավելեց, որ իշխանությունը հակված է «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներկա խմբագրությանը՝ 1% հարկ եւ հաշիվ-ապրանքագրերի առկայության շուրջ խիստ մոտեցում: Ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ առաջարկում են բիզնեսին ընտրության հնարավորություն տալ. աշխատել 1%-անոց դրույքաչափով՝ փաստաթղթավորման խիստ պայմաններով, կամ 3.5%-ով՝ լիբերալ փաստաթղթաշրջանառությամբ:

Պատգամավորը, սակայն, վստահ է, որ «կա՛մ… կա՛մ» մոտեցման փոխարեն ավելի լավ է առաջարկել «ե՛ւ… ե՛ւ» տարբերակը: Հակառակ դեպքում բիզնեսը կարող է բախվել հարկային մարմինների ճնշմանը, որոնք կձգտեն բիզնեսին 3.5%-ից տեղափոխել 1%-անոց հարկման դաշտ: «Ավելի լավ է հարկել երկու ձեւով. փաստաթղթավորված շրջանառությունը՝ ցածր, իսկ առանց փաստաթղթերինը՝ բարձր հարկով»,- պարզաբանեց Մինասյանը:

Օրինակ, եթե տնտեսվարող սուբյեկտը 40 մլն շրջանառություն ունի, որից փաստաթղթով հաստատված է 20 մլն-ը, այն հարկվում է 1% դրույքաչափով, իսկ մնացած 20 մլն-ը՝ 3.5%-ով: «Ընդ որում, հարկային ծառայությունը միանգամայն կարող է ստուգել հաշիվ-ապրանքագրերի եւ դրամարկղային կտրոնների իսկությունը՝ իր տվյալների բազայում այդ ծավալները համեմատելով խոշոր բիզնեսի էլեկտրոնային փաստաթղթերի հետ»,- նշեց Մինասյանը:

ՀՅԴ-ն առաջարկում է ներկա 58.35 մլն տարեկան շրջանառությունից ԱԱՀ-ով հարկման շեմը բարձրացնել մինչեւ 150 մլն-ի եւ նշված պրոգրեսիվ սանղդակը սահմանել 0%-ից (մինչեւ 10 մլն դրամի շրջանառության համար) մինչեւ 3% (100-150 մլն-ի պարագայում): «Բայց եթե Ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ այդ դեպքում ԱԱՀ վճարողների թիվը շատ փոքր կլինի, ապա կարելի է այդ սանդղակը կիրառել գոնե այժմյան 58.35 մլն շեմի շրջանակում»,- եզրափակեց Մինասյանը: