Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխությունը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ քաղաքային իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ դարձնելու համար, սակայն արվածն ընդգրկուն ու ավելի տպավորիչ չէր լինի առանց մասնավոր կառույցների աջակցության:
Երեւանի քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ նշել է, որ հաղթողներին որոշելիս հաշվի է առնվել ոչ միայն ձեւավորման ինքնատիպությունը, այլ նաեւ համապատասխանությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից սահմանված չափորոշիչներին:
Ամենամյա այս մրցույթում ներկայացված էր երեք անվանակարգ. լավագույն ձեւավորված վարչական շրջան, լավագույն ձեւավորված կազմակերպություն եւ լավագույն ձեւավորված ոչ առեւտրային կազմակերպություն: Բացի այդ, վարչական շրջանները ներկայացրել էին վարչական շրջանի տարածքում ամանորյա տոնական ձեւավորմամբ աչքի ընկած անհատ ձեռներեցներին եւ կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով:
Երեւան քաղաքի ամանորյա ձեւավորման մրցույթում «Լավագույն ձեւավորված վարչական շրջան» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Արաբկիր վարչական շրջանը, երկրորդն է ճանաչվել Շենգավիթ վարչական շրջանը եւ եռյակը եզրափակել է Նոր Նորք վարչական շրջանը: Հաղթող վարչական շրջանների ներկայացուցիչներին հանձնվել են նաեւ Երեւանի քաղաքապետի պատվոգրեր:
«Լավագույն ձեւավորված ոչ առեւտրային կազմակերպություն» անվանակարգում Երեւանի քաղաքապետի պատվոգրերով պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովը, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան՝ համապատասխանաբար զբաղեցնելով առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր: «Լավագույն ձեւավորված կազմակերպություն» անվանակարգում առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր են զբաղեցրել, համապատասխանաբար, «Մամա Միա գրուպ» ՍՊԸ–ն, «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը եւ «Էնի Ռոուզ» հարսանյաց եւ ծաղկի սրահը:
Կազմակերպությունների ներկայացուցիչները եւս պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով:




























