Վերահսկիչ պալատի նախկին հաշվետվություններոմ սկանդալային բացահայտումներից հետո, այդ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանին ուզում են մեկուսացնել խորհրդարանից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները որոշել են մեկուսացնել Իշխան Զաքարյանին 2011-2012 թվականների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ սկանդալային բացահայտումներից հետո: Պատահական չէ, որ դրանից հետո իշխանությունը հրապարակավ սկսեց քննադատել Զաքարյանին, երեւի դրա համար էլ հիմա նրան թույլ չեն տալիս հայտնվել խորհրդարանում, հավելել է պատգամավորը:
«Դրա հետ կապված, խնդրում եմ ձեզ, օգտագործեք ձեր բոլոր լրագրողական հետաքննության հնարավորությունները, պարզելու համար, որտեղ է հիմա գտնվում Իշխան Զաքարյանը: Ես զանգահարեցի նրան, բայց օգնականուհին ասաց, որ չգիտի, թե որտեղ է նա: Օգնեք, խնդրում եմ, գտնել նրան»,-լրագրողներին դիմելով ասել է Զուրաբյանը:
«Նրան պետք է գտնի խորհրդարանի ղեկավարությունը, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն, Վերահսկիչ պալատի ծրագիրն ու հաշվետվությունը պետք է ներկայացնի ՎՊ նախագահն անձամբ, բայց ոչ ոք ոչինչ չի արել»,-ամփոփել է ՀԱԿ պատգամավորը:





























