Հայաստանում արտարժույթով տրամադրված սպառողական վարկերը պետք է վերաձեեւակերպել դրամով։ Այդ մասին փետրվարի 4-ին խորհրդարանումլրագրողներին հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում խմբակցությունը կպատրաստի համապատասխան օրինագիծ։ «Այն կօգնի անվճարունակությունից փրկել հազարավոր մեր համաքաղաքացի հասարակ մարդկանց, մեր եւ ձեր հարազատներին, ծանոթներին, հարեւաններին»,- հավելել է նա։

Պատգամավորի կարծիքով՝ բանկերը պետք է ընդառաջ քայլ կատարեն եւ վերաձեւակերպեն ֆիզիկական անձանց արտարժութային պարտավորությունները դրամայինի։ Հարցին, թե արտարժութային պարտավորությունների անփոփոխ մնալու դեպքում նրանց չի՞ խանգարի արդյոք արտարժութային ակտիվների կրճատումը, Շահգելդյանը պատասխանել է, որ նման քայլը, որը կարող է օգնել շատերին, կարելի է համարել բանկերի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մի մասը։ «Իսկ սոցիալապես պատասխանատու բիզնեսը ներկայումս գլոբալ միտում է։ Ողջ աշխարհը  գնում է դրան»,- նշել է նա։

Օրինագիծն արդեն քննարկում ենք բանկային փորձագետների, բայց ոչ բանկերի հետ։ «Օրինագծի քննարկմանը մենք կդիտարկենք նաեւ բանկերի համար մեղմիչ մեխանիզմներ»,- ասել է Շահգելդյանը։

Այն հարցին, թե պատրաստվում է արդյոք խմբակցությունը հաշվի առնել ռուսական Պետդումայում քննարկման դրված համանման օրինագծի դրույթները, պատգամավորը նշել է. «Մենք պատրաստվում ենք հաշվի առնել եւ ռուսական փորձը, եւ համանման այլ օրինագծերը, որոնք կան Լատինական Ամերիկայում եւ Կենտրոնական Եվրոպայում։ Աշխարհում այն բավականին արդիական է»։