Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գտնվում է  արձակուրդի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ ՎՊ-ի լրատվական ծառայությունից:

Մեզ փոխանցեցին, որ Իշխան Զաքարյանը փետրվարի 2-19-ը գտնվում է արձակուրդի մեջ, իսկ թե որտեղ է այն անցկացնում, հայտնի չէ: Մասնավորապես, Իշխան Զաքարյանը փետրվարի 2-5-ը խնդրել է իրեն տրամադրել 2014թ ամենամյա արձակուրդից 4 աշխատանքային օր, որը չէր օգտագործել, իսկ փետրվարի 6-19-ը՝ 2015թ ամենամյա արձակուրդից 10 աշխատանքային օր:

Իսկ թե ինչու ՎՊ հաշվետվությունը Իշխան Զաքարյանի փոխարեն օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել նրա տեղակալ Լեւոն Յոյլյանը, ՎՊ-ից հայտնեցին, որ նա գտնվել է մարզում՝ աշխատանքային այցով:

Հիշեցնենք, որ այսօր Աժ-ում ՎՊ հաշվետվությունը Իշխան Զաքարյանի փոխարեն ներկայացրել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը վրդովվեցրել էր ոչ իշխանականներին: Նրանք հայտարարել են, որ հաշվետվությունը լեգիտիմ չէ: Հաշվետվությունը ներկայացնող խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը հայտարարել է, որ «Իշխան Զաքարյանը իրեն հայտնել է, որ պետական առաքելությամբ է, նա շատ հեռու չէ, բայց, ցավոք, չի կարող այս պահին այս դահլիճում լինել»: «Կարծում եմ, բոլորդ էլ գիտեք՝ որտեղ է: Հենց այնտեղ է, որտեղ մտածում եք»,-նշել է նա: