Չինաստանի Ցզյանսու գավառի Նանտոնգ քաղաքում դեռահասը կտրել է սեփական ձեռքը՝ համացանցից կախվածությունից ազատվելու համար: Այս մասին գրում է Telegraph-ը:

Վան անունով 19-ամյա տղան խոհանոցային դանակը ձեռքին դուրս է եկել տանից, նստել մոտակա նստարանին եւ մինչեւ դաստակը կտրել ձախ ձեռքը, այնուհետեւ տաքսի է կանչել եւ գնացել հիվանդանոց: Ընդ որում, կտրված ձեռքը թողել է նստարանին:

«Մենք չենք կարող հաշտվել կատարվածի հետ: Դա այնքան անսպասելի էր: Նա միշտ խելոք տղա է եղել»,- պատմել է տղայի մայրը:

Ըստ Mignews-ի, նա նաեւ նշել է, որ տանից դուրս գալուց առաջ որդին իրեն նամակ է գրել՝ նշելով, որ գնում է հիվանդանոց, սակայն անհանգստանալու պատճառ չկա:

Ոստիկանները հայտնաբերել են կտրված ձեռքը, եւ բժիշկներն այն կարել են: Վանը բացատրել է, որ այդ արել է՝ ցանկանալով դադարել համակարգչային խաղեր խաղալ:

Բժիշկների խոսքով, առայժմ դժվար է ասել, արդյո՞ք կտրված ձեռքը նորմալ կաշխատի: