Քաղաքացի Արթուր Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ ընդունվել վարույթ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի որոշումներով քաղաքացի Արթուր Կ.-ին պատկանող ՍՊ ընկերությանը տրամադրվել է 90 հազ. քառակուսի մետր հողատարածք` բնակելի թաղամաս կառուցելու նպատակով: Արթուր Կ.-ն, թաղամաս կառուցելու փոխարեն, ընկերությանը տրամադրված հողատարածքը մաս-մաս վաճառելու, դրա արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու եւ այդ կերպ գերշահույթ ստանալու մեկ միասնական դիտավորությամբ հողատարածքը բաժանել է առանձին հողակտորների: Նա, իր ՍՊ ընկերությունից բացի, հիմնել է մեկ այլ ՍՊ ընկերություն եւս եւ այդ ընկերությանն է փոխանցել վերը նշված հողակտորներից 11 հազ. քառակուսի մետր մակերեսով հողակտորը, որն էլ 5 մլն. 500 հազ. ԱՄՆ դոլար գումարով վաճառել է քաղաքացի Արմեն Կ.-ին:

Արթուր Կ.-ն, հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրենը եւ 100% բաժնեմասի տերը, Մելիք Հ.-ի հետ կնքել է ընկերության ամբողջ բաժնեմասի առուվաճառքի ձեւական պայմանագիր եւ 11 հազ. քառակուսի մետր հողակտորը 241 հազ. 300 ՀՀ դրամ գումարով Մելիք Հ.-ին վաճառելու պատրվակով քողարկել է առանց օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորված 5 մլն 500 հազ. ԱՄՆ դոլար գումարով հողակտորը Արմեն Կ.-ին վաճառելու փաստը: Այդ կերպ, Արթուր Կ.-ն չարամտորեն խուսափել է նշված հողակտորի վաճառքից պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 559 մլն. 937 հազ. ՀՀ դրամի հարկերը վճարելուց:

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ Արթուր Կ.-ն իր ընկերությանը պատկանող ընդհանուր 2 հազ. քառակուսի մետր հողակտորը 500 հազ. ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Սուրիկ Խ.-ին, կնքել է անշարժ գույքի ձեւական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրեր, համաձայն որոնց` ընդհանուր 2 հազ. քառակուսի մետր հողամասը վաճառել է 39 մլն. 600 հազ. ՀՀ դրամ գումարով` այդ կերպ չարամտորեն խուսափելով է պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 37 մլն. 425 հազ. ՀՀ դրամ հարկերը վճարելուց:

Արթուր Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: