«Ես միշտ ասել եմ, որ ես, հնարավոր է, Վրաստանի վերջին կամ նախավերջին նախագահն եմ, ով կարող է մեջբերել Պուշկինի, Լերմոնտովի եւ Եսենինի խոսքերը»։ Այս մասին բելոռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։
Սահակաշվիլին վախենում է, որ նոր սերունդը չի իմանա Ռուսաստանի գոյության մասին։ Նախագահը միաժամանակ նշել է, որ իր որդուն ստիպում է ռուսերեն սովորել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սահակաշվիլիի խոսքով, ինքը չի հասկանում Ռուսաստանի կողմից իրեն նեկայացված պահանջները։ Նա նշել է, որ Վրաստանն ամբողջ ժամանակ ցանկացել է ընդառաջ գնալ Ռուսաստանին եւ անգամ պատրաստ է եղել զիջումների, սակայն Ռուսաստանը «ավելին է ուզում»։
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները դադարել են 2008 թվականի Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո։ Դրանից հետո Ռուսաստանը ճանաչել էր Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։




























