Հիմնադիր խորհրդարանը հորդորում է հունվարի 31-ին Բերձորի մոտ տեղի ունեցածի համար արցախահայությանը չմեղադրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Հանրապետության հրապարակում շարժման հրավիրած բացօթյա ասուլիսին ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:
«Արցախահայությունը հավասարապես սգում է պատահածի համար: Այն, ինչին ականատես եղանք, դա արցախցին չէր: Դա բանդայի կողմից օգտագործված խաժամուժն էր, ու իրենց պահեստի վերջին սրիկայությունը: Արցախցիներին հանկարծ չմեղադրեք այս պետական կազմակերպված հանցագործության մեջ: Մեզ համար շատ կարեւոր է բարոյական աջակցությունը»,- ասաց ազատամարտիկը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով:




























