Գյումրիում հունվարի 15-ի բախումներին մասնակցելու կասկածանքով նախօրեին ձերբակալված՝ Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը անհիմն է համարում ձերբակալությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողներին ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը ձերբակալման ժամանակ չի իմացել, թե իրեն ինչու են բերման ենթարկում:

«Ձերբակալման հիմքեր չեմ տեսնում, քանի որ Մնացականին բազմիցս կանչել են ոստիկանություն եւ նա չի խուսափել ներկայանալ: Որպես ձերբակալման հիմք ոստիկանությունում նշում են այն, որ նա կարող է ՔՕ-ով արգելված նոր արարք կատարել կամ խուսափել պատասխանատվությունից: Բայց նման հիմքերը, բնականաբար, բացակայում են, քանի որ եթե փախուստի դիմեր, արդեն դիմած կլիներ։ Նույնիսկ այն պահին, երբ իրեն ձերբակալել են, նա չի իմացել, թե ինչի համար են տարել իրեն»,- լրագրողներին ասաց փաստաբան Հայկ Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով՝ Մնացական Ալեքսանյանին առայժմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել:

«Մեղադրանք առայժմ չկա, նա հիմա որպես կասկածյալ է կանչվել ոստիկանություն, իսկ ձերբակալման արձանագրությունում նշված է 258-րդ հոդվածի 4-րդ մասը՝ խուլիգանություն, որի առավելագույն պատժաչափը նախատեսում է 7 տարի ազատազրկում»,- ասաց Հայկ Հարությունյան՝ ավելացնելով, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Շիրակի մարզի դատախազություն եւ  Րաֆֆի Ասլանյանից պահանջել անհապաղ ազատ արձակել Մնացականին:

Հայկ Հարությունյանը նշեց, որ միայն այսօր է կարողացել քննիչից ստանալ ձերբակալության վերաբերյալ արձանագրությունները:

«Ես այսօր եմ դիմել քննիչին, վերցրել եմ այդ փաստաթղթերը: Մնացականին ձերբակալելու որոշումը եղել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշման հիման վրա: Նշված է, որ խախտել է հասարակական կարգը եւ հարվածել ոստիկանակական մեքենայի: Կասկածյալը դեռ ցուցմունք չի տվել, հրաժարվել է պատասխանել բոլոր հարցերին»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին: