Քննիչները պարզում են Չիտայի զինկոմի եւ զորամասի հրամանատարի մեղքի բաժինը Պերմյակովի գործով: Ռուսաստանի գլխավոր ռազմաքննչական վարչության քննիչները քննություն են իրականացնում՝ պարզելու համար, թե ինչպես է հոգեբույժի մշտական հսկողության տակ գտնվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը զորակոչվել ռուսական 102-րդ ռազմաբազա, հաղորդում է LifeNews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վալերի Պերմյակովը բանակ է զորակոչվել 2014թ.-ի մայիսին 15-ին եւ միայն դեկտեմբերի 3-ին տեղափոխվել Հայաստան: Մինչդեռ տեղի զինկոմը թաքցրել է փաստը, որ Պերմյակովը զորակոչից անմիջապես հետո ընդունվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք եւ պառկել մինչեւ հունիսի վերջ: Հոսպիտալից դուրս գրվելուց հետո Պերմյակովը ամիսը մեկ անգամ հետազոտվել է, իսկ երբ որոշվել է զինծառայողին Չիտայից տեղափոխել Գյումրի, պատասխանատու անձինք մոռացել են այս փաստի մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին:
Այժմ Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկին եւ զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովը կասկածվում են անփութության մեջ, որը հենց կարող էր հանգեցնել ողբերգության: Քննիչները ենթադրում են, որ զինկոմը հնարավոր է՝ դրական բնութագիր է տվել, որպեսզի Պերմյակովը ծառայի Գյումրիում: Չնայած գործ կա հարուցված, Լոգինովսկին եւ Սոցկովը շարունակում են պաշտոնավարել:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ՝ զորամասի հրամանատարական կազմը չի հաստատում տեղեկությունը, որ Պերմյակովը ծառայության ընթացքում հաճախ է լքել զորամասի տարածքը, ինչպես նաեւ ավելի քան մեկ ամիս բուժվել հոգեբուժական բաժանմունքում:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ գործ կա հարուցված նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի մի քանի պաշտոնյաների նկատմամբ:
NEWS.am-ի թղթակիցն այս հրապարակումների հետ կապված դիմել է Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ դեպքը բազմակողմանի հետազոտելու համար: Դրա շրջանակներում ուղարկված են համապատասխան հարցումներ՝ կապված նրա բժշկական փաստաթղթերը տրամադրելու հետ»,- նշել է Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:





























