Նախքան դեպի Արցախ հունվարի 31-ի ավտոերթը «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկատվություն է ունեցել, որ ԼՂՀ ոստիկանությունը փորձելու է խափանել այն, բայց նման «ահաբեկչության» չի սպասել: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, շարժման կազմակերպած բացօթյա ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը:
«Մենք գիտեինք, որ սադրանք են նախապատրաստում, բայց ոչ պետական ահաբեկչություն: Մենք ինֆորմացիա ունեինք, որ մի խումբ մարդկանց գրգռել են մեր դեմ, անհեթեթ ինֆորմացիա են ներկարկել նրանց, հանել են բերձորյան հատվածի վրա, որ սադրիչ ոստիկանների դրդամբ քարեր նետեն մեզ վրա: Մենք պատրաստվել էինք, որ բարձրախոսով խոսենք իրենց հետ, կարծում էինք, որ կլսեն մեզ: Դրանից հետո, եթե թույլ տային, կմտնեինք Արցախ, եթե ոչ՝ չէինք մտնի: Մենք մտածում էինք ժողովրդի հետ լեզու գտնելու մասին»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանը պատմեց, որ երբ ոստիկանները պահանջել են վերադառնալ Երեւան, իրենք չեն հակառակվել, քանի որ նկատել են տարածքում տեղակայված հատուկ նշանակության ջոկատները, դիպուկահարներին եւ հասկացել են, որ հնարավոր է՝ նույնիսկ հրազեն կիրառվի իրենց դեմ:
«Երբ տեսանք ոստիկանական պատնեշը, իջանք ավտոմեքենայից: Իրենք ներկայացան, զեկուցեցին, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ իրենք չեն կարող թույլ տալ ավտոերթի մուտքը Արցախ: Մենք խնդրեցինք պարզաբանել, թե որ օրենքով է պայմանավորված իրենց պնդումը, իրենք ասացին՝ չենք թողնելու ու վերջ: Մենք հասկացանք, որ մեծ սադրանք է կիրառվելու, որոշում կայացրինք, որ ավտոշարասյունը հետ գա Երեւան: Հենց թեքվեց շարասյունը, նրանք հարձակվեցին եւ սկսվեց ծեծուջարդ»,- պատմեց Վարուժան Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանը անհիմն է համարում ԼՂՀ պաշտոնական կողմի ներկայացրած այն հիմնավորումները, որ արցախահայությունը բացասական է տրամադրված եղել ավտոերթի նկատմամբ: Նրա խոսքով՝ ավտոերթին միանալու էին նաեւ ազատամարտիկներ Արցախից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով:




























