Հայաստանում մասսայական արտահանման հիմքեր ստեղծելու մտադրությունը պետք է համընկնի որակի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Ազգային Ժողովում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մենկաբանելով «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նախատեսում է դրույքաչափը 20%-ից դարձնել 2%, բայց միայն այն ընկերությունների համար, որոնք տարեկան արտահանում են ավելի քան 50 մլրդ դրամի ապրանք (105 մլն դոլար):
Նրա խոսքով՝ եթե ինչ-որ մի ընկերություն կորոշի մեծ ծավալի ապրանք արտահանել, դա չպետք է անել որակի հաշվին՝ անկախ նրանից, թե ինչ ապրանքատեսակի մասին է խոսքը:
«Օրինակ, կոնյակի արտահանումը բոլորին է հայտնի: Արդեն այսօր կարելի է լսել՝ ինչ-որ բան են ավելացնում գույնի, հոտի համար եւ այլն: Իսկ մենք չպետք է թույլ տանք՝ ապրանքը, որով ճանաչում են մեր երկիրը, այսպես ձեւափոխվի»,- ավելացրել է նա:





























