2014թ. ապրիլի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն Շահեն Հարությունյանի անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն անօրինական գործողություններ թույլ չի տվել, ընդհակառակը՝ չի կատարել փողոցը անթույլատրելի վայրից հատելով դատախազության դիմացի մայթ անցնելու ոստիկանների ապօրինի պահանջը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ Վարչական դատարանում պնդեցին Արգիշտի Կիվիրյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Արամազդ Կիվիրյանը։
«Կիվիրյանի կողմից որեւէ անօրինական արարք չի կատարվել, պարզապես մեր ոստիկանությունը բերման ենթարկելը որպես պատժամիջոց է կիրառում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, որպեսզի նրանք հետագայում այլ ակցիաների չմասնակցեն»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ պահանջելով մերժել Արգիշտի Կիվիրյանին 50 000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը եւ բավարարել իրենց հակընդդեմ հայցը։
Նշենք, որ պատասխանող կողմը ոստիկանության հայցին հակընդդեմ հայց ներկայացրեց, որում ոստիկաններին մեղադրում է Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելու մեջ։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը եւ պաշտպանական կողմի ներկայացրած տեսաձայնագրությունը, որն արտացոլում է դեպքի օրն ընդհանուր տեղի ունեցածը, որպես իրեղեն ապացույց կցվեցին գործի նյութերին։
Վարչական պատասխանատվության վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի փետրվարի 19-ին։
Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 4-ին մի խումբ քաղաքացիներ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ոստիկանության քննչական վարչության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները երթով գնացել էին նաեւ գլխավոր դատախազության շենք, որտեղից ակցիայի մասնակիցներ Արգիշտի Կիվիրյանը, Վարդգես Գասպարին եւ այլ քաղաքացիներ բերման էին ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:




























