Համացանցում տարածվել է Գյումրիում հունվարի 15-ի բախումների գործով նախօրեին ձերբակալված՝ Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանի լուսանկարը:

Hetq.am-ի լուսանկարչի ֆիքսած պատկերում Մնացական Ալեքսանյանը կանգնած է բազմության եւ ոստիկանական պատի միջեւ` դեմքով դեպի բազմությունը, եւ ձեռքերը վեր պարզած, կարծես թե հանգստության կոչ է անում ցուցարարներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մնացականի հայրը` Մարտիրոս Ալեքսանյանը լրագրողներին ասել էր, որ դեպքի օրը իր որդին փորձել է հանդարտեցնել ցուցարարներին եւ նրա ձերբակալությունն անհիմն է:

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին: