Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Գյումրիում ձերբակալված Մնացական Ալեքսանյանի հարցով դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։
«2015 թվականի փետրվարի 4-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապօրինի ձերբակալել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին:
Ձերբակալության հիմքը եւ առիթը նշվում են՝ քրեական օրենսգրքով արգելված արարք եւ Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակելի շենքերի բնակիչների հանգստի խախտում, որն, իբրեւ, վերջիններիս մոտ առաջացրել է վախի զգացում իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության նկատմամբ:
Ձերբակալության նպատակը հանդիսանում է անձի կողմից նոր հանցագործությունների հնարավոր կատարումը եւ փախուստը կանխելը:
Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է ապօրինի հրամանի ներքո եւ Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված ամեղ կասկածյալ է:
Մնացական Ալեքսանյանը թիվ 1800615 քրեական գործով բազմիցս հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա, եւ մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, դեռ ավելին, նրա անձնագիրը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի մոտ: Մնացական Ալեքսանյանի կողքին եղել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարող են վկայել նրա անմեղության մասին, սակայն նրանց չեն կանչել հարցաքննության:
Հետեւաբար, Մնացական Ալեքսանյանին քրեական օրենսգրքով նախատեսված արարքով կասկածելը եւ ձերբակալելը անօրինական է եւ հետապնդում է հատուկ նպատակ:
Իրական հանցագործներին` եղեռնագործներին բռնելու եւ վնասազերծելու փոխարեն ոչ միայն Գյումրիում, այլեւ ողջ Հայասատանի Հանրապետության տարածքում առաջացել է վախի եւ անպատժելիության մթնոլորտ:
Մեղադրյալ Պերմյակովին թույլ տալով առեւանգել եւ ապօրինաբար պահել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում եւ ի վիճակի չլինելով իրանականցնել քրեական հետապնդում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունների համար՝ մեղավորների հանդեպ հենց ՀՀ գլխավոր դատախազն իր ենթականերով պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Փաստորեն, անպատժելիության եւ վախի մթնոլորտ ստեղծելու մեղավորներն իրենք են:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու ապօրինի ձերբակալված Մնացական Ալեքսանյանին»,- նշել է Փոստանջյանը:





























