ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 5-ին հրազենային վիրավորումից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանի դին արդեն տեղափոխել են Ջերմուկում գտնվող պապիկի տուն: Այս մասին NEWS.am-ին ասաց Շեքսպիրի ընկերը՝ նշելով, որ նրա ընտանիքի՝ ՌԴ-ում ապրող անդամները ճանապարհին են, շուտով Հայաստանում կլինեն:

Ընկերը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց, որ Շեքսպիրը բռնցքամարտիկ է, մանկուց սպորտով է զբաղվել:

«Դեռ մանկուց բռնցքամարտով էր զբաղվում: Եթե թշնամին զենքով չհարձակվեր, այլ՝ ձեռքով հարձակվեր, ապա հաստատ ինքը կհաղթեր թշնամուն: Մանկուց միշտ ընկերներին ասում էր, որ գնալու է, պահելու է իր հայրենիքի սահմանը»,- պատմեց ընկերը:

Նշենք, որ Շեքսպիրի ընտանիքի անդամները, այդ թվում՝ կինն ու որդին, ապրում են ՌԴ Վոլգոգրադում: Նա Հայաստան էր եկեկլ՝ զինծառայությւոն անցնելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով ժամը 16:15-ի սահմանում  ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: