ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 5-ին հրազենային վիրավորումից մահացած 25-ամյա ժամկետային զինծառայող Շեքսպիր Հակոբյանին այսօր՝ փետրվարի 8-ին, զինվորական կարգով հուղարկավորել են Ջերմուկի գերեզմանատանը:
Զինծառայողի հուղարկավորությանը ներկա են եղել զինվորականներ, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ընկերներ, բարեկամներ, համաքաղաքացիներ:
Նշենք, որ Շեքսպիր Հակոբյանը ՌԴ էր բնակվում, Հայաստան էր եկել՝ զինծառայություն անցնելու։ Նա ամուսնացած էր, մեկ որդի ուներ: Շեքսպիրի ծնողները ՌԴ Վոլգոգրադ քաղաքից ժամանել են Հայաստան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել էին ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով ժամը 16:15-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:


































