«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկայում կքննարկի ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները բոյկոտելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա նշեց, որ դատապարտելի է ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը: «Առաջիկայում կքննարկենք ԱԺ աշխատանքները բոյկոտելու հարցը, մեզ համար անընդունելի է նման մոտեցումը ցանկացած քաղաքացու նկատմամբ, առավել եւս՝ այն քաղաքացու նկատմամբ, որն իր սոցիալական խնդիրներից ելնելով ընդզվել է: Յուրաքանչյուր քաղաքացու ընդվզումը արժեք պետք է լինի, ոչ թե ճնշենք, ծեծենք: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին մենք դատապարտում ենք մարդասպանությունը, բայց ցավոք այդ օրերին ունեցանք բազում երեւույթներ որոնք դատապարտելի են՝ ծեծ, սպանություն, կախաղան: Պետք է հնարավորինս զերծ մնալ նման բաներից եւ ուժային գերատեսչությունները պետք է արժանի դատապարտեն այդ մարդուն»,-ասաց Հեղինե Բիշարյանը:

Իսկ թե ինչ կլինի ԱԺ հերթական քառօրյան բոյկոտելը, ՕԵԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ ԱԺ նիստերին 2 շաբաթ կա, մինչ այդ բազմաթիվ ջրեր կարող են հոսել, օրինակ՝ ձերբակալվեն այն անձինք, որոնք գնացել են բռնության, կարգավորվի տուժողի վիճակը եւ այլն: Հեղինե Բիշարյանի խոսքով՝ քաղաքական թիմերը կտան իրենց արժանի գնահատականները, իսկ թե ինչ կլինի հետագայում, դա ցույց կտա հետագա գործողությունների ընթացքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։

Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն էր տարածել՝ խմբակցությանը առաջարկելով բոյկոտել ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները: