«Ժառանգությունը» կքննարկի Ազգային Ժողովի հերթական քառօրյայի աշխատանքները բոյկոտելու հարցը, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի իր գործողությունները մշակել: «Մենք հարգանքով ենք վերաբերելու իրենց որոշմանը, դեռ չեն դիմել, ոչ էլ քննարկումներ ենք ունեցել: Եթե դիմեն, կքննարկենք: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ԱԺ-ն մի հարթակ է, որտեղ եւս պետք է պայքար տարվի»,-ասաց պատգամավորը: 

Նա շեշտեց, որ իրենք դատապարտում են Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքը, իրավապահ մարմինները աշխատանք ունեն անելու, մեղավորները խստագույնս պատասխանատվության պետք է ենթարկվեն: Իսկ թե ինչ կլինի Աժ քառօրյան բոյկոտելու արդյունքում, «Ժառանգության» անդամն ասաց, որ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, կարող է անցկացնել նիստները, այս առումով ԱԺ նիստերը բոյկոտելը քաղաքական մեսիջ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի  7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։

Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն էր տարածել՝ խմբակցությանը առաջարկելով բոյկտել ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները: