Փետրվարի 9-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Քարեն Հիլլարդին եւ ՀՀ-ում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության, մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ալիսոն Մքֆարլենդին:
Ողջունելով նախարար Երիցյանին՝ Ք. Հիլլարդին նշեց, որ ՏԿԱԻՆ-ն իրենց կազմակերպության ամենավստահելի գործընկերներից է, եւ իրենք ուրախ են հետագա համագործակցության հնարավորության համար:
Խոսելով իրենց գործունեության մասին՝ Ք. Հիլլարդին նշեց, որ իրենց համար առաջնայինը համայնքներում տնտեսական կայունության ապահովումն է, ՏԻՄ-երի եւ բնակիչների միջեւ արդյունավետ փոխգործակցության հաստատումը եւ համայնքների կառավարաման հարցում քաղաքացիական հասարակության ձայնը լսելի դարձնելը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հանրային մասնակցությունը տեղական կառավարմանը» ծրագիրը ենթադրում է 4 հիմնական ուղղություն.
1. Աշխատանք կենտրոնական կառավարման մարմինների հետ:
2. ՏԻՄ-երի հետ աշխատանք:
3. Աշխատանք քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ:
4. Աշխատանք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կոնսորցիումների հետ, որոնք իրենցից ներկայացնում են քաղաքացիական հասարակության գործընթացներում թրծված եւ կայացած հասարակական կազմակերպությունների խմբեր:
Իր պատասխան խոսքում ՏԿԱԻ նախարարն անդրադարձավ համայնքների խոշորացման խնդրին, դրա արդյունավետությանը եւ ակնկալիքներին: Համայնքների խոշորացման գործընթացը միտված է ՏԻՄ-երի հզորացմանը, որպեսզի իրենք կարողանան ավելի արդյույնավետ կառավարել իրենց ռեսուրսները, այս ուղղությամբ արդեն մեկնարկում են պիլոտային ծրագրեր: Խոսելով գյուղացիների կարիքների մասին, որոնք պետք է լինեն իրականացվող ծրագրերի հիմքում՝ նախարար Երիցյանը հատկապես կարեւորեց համայնքներում բնակարանաշինությունն ու աշխատատեղերի ստեղծման հարցը: «Երիտասարդներին եւ բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերին համայնքներում պահելու համար նախեւառաջ հարկավոր է լուծել աշխատատեղերի ստեղծման եւ երիտասարդ ընտանիքներին տներ տրամադրելու հարցը»,-շեշտեց նախարարը:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կառավարության հետ համատեղ մշակել է նաեւ մի շարք օրենսդրական փաթեթներ, որոնք միտված են ՀՀ-ում տեղական ինքնակառավարաման համակարգի հետագա զարգացմանն ու ապակենտրոնացմանը:





























