Հանրապետությունում անձրեւի եւ ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչեւ փետրվարի 16-ը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Արդեն 3-րդ օրն է հանրապետությունում դիտվում են տեղումներ: Եթե Արարատյան դաշտում եւ հովտային շրջաններում մենք արձանագրում ենք անձրեւ, ապա լեռնային, նախալեռնային շրջաններում ամենուրեք ձյուն է տեղում եւ այս տեղումները կշարունակվեն մինչեւ 15-ը ներառյալ՝ ժամանակ առ ժամանակ թուլանալով եւ ուժգնանալով, սակայն առաջիկա 5 օրերի ընթացքում տեղումները կպահպանվեն»,- ասաց Զարուհի Պետրոսյանը՝ ավելացնելով որ փետրվարի 2-րդ տասնօրյակին օդի ջերմաստիճանը կլինի նորմային մոտ:

Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ մարտին օդի ջերմաստիճանը  նույնպես կլինի նորմային մոտ, սակայն ցրտահարության ռիսկայնությունը կպահպանվի մինչեւ ապրիլ:

ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց, որ ներկայումս վտանգված գյուղատնտեսական որեւեւ մշակաբույս չկա, սակայն հորդորեց գյուղացիներին ավելորդ շտապողականություն չցուցաբերել վարուցանքը սկսելու հարցում: