Շրջանառության հարկը ոսկերիչների համար խառնաշփոթ իրավիճակ է ստեղծում։ Այս մասին փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի ոսկու շուկայի աշխատակից Արմեն Բաբայանը։ Որպես առեւտրի սուբյեկտ, առեւտրականները շուկայում վճարում են 1 տոկոս,սակայն նրանցից շատերը ոչ միայն վաճառում, այլ նաեւ արտադրում, ձուլում կամ վերանորոգում են զարդերը։ Իսկ արտադրողների համար նախատեսված հարկը կազմում է 3.5 տոկոս։ Ընդ որում, թե արտադրությունը, թե վաճառքը կապված են նույն արտադրանքի հետ, իսկ դա նշանակում է, որ արտադրության եւ առեւտրի ապրանքների առանձին հաշվառումը հնարավոր չի լինի կազմակերպել։

Բաբայանի խոսքով՝ գոնե ոսկերչության ոլորտում ամենաճիշտ լուծումը կլինի առեւտրային սեղանի համար ֆիքսված վճարը։ Հարցին, թե ինչու այդ վճարը մի քանի տարի առաջ հանեցին, Բաբայանը պատասխանց. «Անհասկանալի է, թե ինչու հանեցին»։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։ Շրջանառության հարկ վճարողները տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար (122 հազար դոլար)շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են։