ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին եւ տարածաշրջանի այլ երկրներին՝ հաղթահարել տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետեւանքով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

«Մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանի տնտեսական դժվարությունները ազդում են տարածաշրջանի մյուս երկրների վրա եւ միանշանակ համաձայն ենք, որ պետք է աշխատենք այդ պետությունների իշխանությունների հետ, որպեսզի օգնենք հաղթահարել տնտեսական դժվարությունները: Այդ պատժամիջոցների նպատակը տարածաշրջանի այլ երկրներին պատժելը չէ, այնպես որ մենք անշուշտ ցանկանում ենք աշխատել նրանց հետ եւ աջակցենք նրանց, եւ կարծում եմ, մեր նոր դեսպանը Ռիչարդ Միլսը Երեւանում նաեւ այս հարցն է քննարկելու ժամանելուն պես»,-ասել է նա:

Հարցին, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս են ազդել տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության վրա, Ռուբինը պատասխանել է. «Տարածաշրջանի երեք երկրների նկատմամբ մեր քաղաքականությունը շարունակում է անփոփոխ մնալ Սովետական Միության փլուզումից ի վեր՝ մենք աջակցում ենք այդ երկրների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Միեւնույն ժամանակ՝ մենք աջակցում ենք այդ երկրների տնտեսական աճի զարգացմանը, բարգավաճմանը, ժողովրդավարության եւ թափանցիկ կառավարման եւ ազատ մամուլի ձեւավորմանը: Միեւնույն ժամանակ, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ոչ թե ԱՄՆ-Ռուսաստան անհամաձայնությունների կամ մրցակցության կոնտեքստում, այլ երկրների հետ սերտ հարաբերություններ հաստատելու տեսանկյունից, չբացառելով, որ այդ երկրները կարող են հարաբերություններ զարգացնել նաեւ այլ երկրների հետ»: