Բերձորում հունվարի 31-ին տեղի ունեցած վայրագության հետ արցախցին կապ չունի, այս դեպքը չպետք է սեպ խրի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ: Այս մասին այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:

Սեֆիլյանը պատմեց, որ դեռ դեկտեմբերին էին իրենք պատրաստվում մեկնել Արցախ: Սակայն այդ ժամանակ տեղի ոստիկանապետի օգնությամբ Սեֆիլյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ առանձնացված զրույց ունեցել:

«Բակո Սահակյանը, սակայն, հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք երազում էին մտնել ԵՏՄ-ի մեջ: Իհարկե, մեզ համար ցավալի էր դա լսել: Այնուհետեւ, մենք ընդլայնված հանդիպում ունեցանք, որից հետո մենք համոզվեցինք, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք ադեկվատ չեն իրենց գործում: Այս հանդիպման ընթացքում նրանք խնդրում էին մեզ հետ կանգնել ավտոերթի գաղափարից»,- ասաց Սեֆիլյանը` հավելելով, որ ներկա գեներալներն արտահայտում էին մտքեր, որոնք դուր կգային Բակո Սահակյանին եւ Սերժ Սարգսյանին:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները նույն օրը Ստեփանակերտում հավաքվել են եւ որոշել ավտոերթը հետաձգել մինչեւ հունվարի 31-ը: Սեֆիլյանի խոսքով` այս ժամանակահատվածում Արցախի իշխանությունները ապատեղեկատվություն են տարածել` փորձելով արցախցուն հանել «Հիմնադիր խորհրդարանի» դեմ:

«Հունվարի 31-ին կատարվածը կազմակերպված է եղել այնտեղի ադմինիստրացիայի կողմից, տեղի է ունեցել պետական հանցագործություն, իսկ այդ օրվա դեպքը հետեւանքն էր այդ հանցագործության: Կարծում եմ, որ արցախցիները պետք է դատի տան տեղի վերնախավին»,- ավելացրեց Սեֆիլյանը, որը նույնպես վնասվածքներ էր ստացել հունվարի 31-ին:

Այդ օրը դեռ Գորիսում նախաձեռնության մասնակիցներն իմացել են, որ Բերձորում իրենց «սպասում են»: Սեֆիլյանը պատմեց, որ ինքը որոշել էր իր ստուգել տեղեկությունն ու անմիջապես հետ վերադառնալ. «Ես մոտեցել եմ, նրանց հետ խոսել եւ անմիջապես հրահանգել մերոնց հետ վերադառնալ, սակայն չհասցրինք, նրանք հասան ու սկսեցին ծեծել, ջարդել: Այդ օրը հնարավոր է` սպանություն էլ լիներ, սակայն մենք խոհեմ վարվեցինք եւ քիչ վնասներով դուրս գալ այդ տարածքից»:

Թե ինչու էր «Հիմնադիր խորհրդարանը» ցանկանում գնալ Արցախ, Ժիրայր Սեֆիլյանն այսպես մեկնաբանեց. «ԵՏՄ մտնելուց հետո Արցախը հայտնվել է անորոշ վիճակում, մենք գնում էինք Արցախ, որ մեր մտահոգությունը հայտնեինք»:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: