Թոքսթեթից թոշակառու Ջոն Ուիլյամսն Իսպանիայից Մեծ Բրիտանիա է հասել ավտոբուսի անցատոմսի պատճենով: Ըստ Liverpool Echo-ի, նախկին ուսուցիչը մեկնել է Լանսարոտ կղզի՝ հանգստանալու: Վերադառնալիս պարզվել է, որ Ուիլյամսի հյուրանոցային համարի չհրկիզվող պահարանից նրա անձնագիրը գողացել են:

65-ամյա բրիտանացին միջադեպի մասին տեղեկացրել է ոստիկանությանն եւ ընտանիքի տարել օդանավակայան՝ ենթադրելով, որ ինքը դեռեւս ստիպված կլինի մնալ Իսպանիայում: Ryanair-ի գրանցման կետում թոշակառուն պատմել է, թե ինչ է պատահել:

Նախ նրան խորհուրդ են տվել դիմել բրիտանական հյուպատոսություն՝ ժամանակավոր անձնագիր ստանալու համար: Սակայն Ուիլյամսը ճշտել է, իրեն թույլ կտա՞ն թռչել, եթե անձը հաստատող որեւէ այլ փաստաթուղթ ներկայացնի: Զբոսաշրջիկը զանգահարել է Անգլիա՝ զարմուհուն, որն էլ էլեկտրոնային փոստով ուղարկել է անվանական ավտոբուսային անցատոմսի պատճենը: Արդյունքում Ուիլյամսն ինքնաթիռ է նստել:

«Երբ Լիվերպուլ վերադարձա, անձնագրային վերահսկողության աշխատակիցները զայրացան՝ հարցնելով, թե ինչպես եմ կարողացել այդ կերպ վերադառնալ: Բայց նրանք նաեւ մի լավ ծիծաղեցին»,- պատմել է Ուիլյամսը՝ հավելելով, որ անցատոմսի նման պատճենով իրեն թույլ չէին տա նույնիսկ ավտոբուս նստել:

Ըստ Gazeta-ի, Ryanair-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ընկերությունը պարտավոր է Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք, եւ եթե անձնագիրը կորել կամ գողացվել է, ուղեւորներին խնդրում են այլընտրանքային փաստաթղթեր կամ դրանց պատճենները ներկայացնել: