Սնանկության մեջ կասկածվող չինացի գործարարը որոշել է վարկատուներին եւ իր ենթականերին ապացուցել, որ վճարունակ է: Գույան քաղաքից գործարարն իր գրասենյակում թղթադրամի տրցակներից փոքրիկ ամրոց է կառուցել:

Ըստ The Daily Mirror-ի, 45-ամյա Չժեն Սյաոյի գրասենյակ են ներխուժել նրա նոր օբյեկտի շինարարությունը ֆինանսավորած վարկատուները՝ մտավախություն ունենալով, որ ենթադրաբար ֆինանսական դժվարություններ ունեցող գործարարն իրենց փողերի հետ միասին կհեռանա երկրից: Նրան են միացել նաեւ շինարարները (շուրջ հազար մարդ):

Սակայն շենք մտնելով, նրանք դրամի տրցակներից կառուցված փոքրիկ ամրոց են հայտնաբերել: Չժեն Սյաոն անմիջապես սկսել է առձեռն վճարել պարտքերը:

Ըստ Lenta-ի, գործարարը ոչ միայն պարտքերն է վճարել, այլեւ աշխատակիցներին անսպասելի պարգեւավճար է բաժանել: