Հայաստանը չի կատարել մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի երեք հանձնարարական։
Դեռեւս երկու տարի առաջ կառույցի մարդու իրավունքների հանձնաժողովը հանձնարարել էր մեկ տարում ուսումնասիրել 2008-ի մարտի 1-ի սպանությունների անպատժելիությունը, ապահովել դատական համակարգի անկախությունը եւ անկախ մարմին ստեղծել՝ խոշտանգումների վերաբերյալ բողոքները քննելու համար։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, իրավապաշտպան, ՄԱԿ-ի հետ համագործակցող Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոնը այսօր Երեւանում փաստեց՝ Հայաստանը տրված ժամկետում չի կատարել ստանձնած պարտավորությունները։
«2014 թվականի մարտին կոմիտեն ուսումնասիրեց կառավարության եւ ՀԿ-ներից ստացված տեղեկությունները այդ երեք առաջնահերթ հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Դժբախտաբար, հանձնաժողովը եզրակացրեց, որ այդ երեք հանձնարարականները չեն կատարվել, եւ այդ իմաստով նշանակեց C գնահատականը, որը հավասարազոր է այդ հանձնարարականները չիրագործելու փաստին»,- ասաց Պլոտոնը։
Չորս տարին մեկ պետությունները ՄԱԿ-ի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների հանձնաժողովին հաշվետվություն են ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված քայլերի վերաբերյալ։ Թեեւ հանձնարարականների կատարումը թեեւ պարտադիր բնույթ չի կրում, բայց մեծապես ազդում է Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։
Նախորդ հանձնարարականները չկատարելու առնչությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը Հայաստանին եւս մեկ անգամ հիշեցում է ուղարկել 2014-ի դեկտեմբերին։ Վինսենտ Պլոտոնը նշում է, որ իրենք սպասում են Հայաստանի վերջնական պատասխանին։
«Պատասխաններ տալու վերջնաժամկետ էր սահմանվել հունվարի 15-ը։ Որքան մենք տեղյակ ենք, այդ ժամկետի ավարտին կառավարությունը չէր ներկայացրել բացատրություն կամ պատասխան, բայց հիմա որոշ տեղեկություններ ունենք, որ կարծես կառավարությունը հիմա աշխատում է այդ ուղղությամբ»,- ասաց Պլոտոնը։
ՄԱԿ-ի երկրներից այս տարի Հայաստանը 179 նոր հանձնարարական է ստացել։ Դրանցից 10-ը, որոնք առաջադրվել էին Ադրբեջանի կողմից, անմիջապես մերժվել են։ Մյուսները կքննարկվեն մինչեւ Ժնեւում անցկացվելիք մարդու իրավունքների խորհրդի նիստը։ Հայաստանը պետք է պատասխանի՝ արդյոք պատրաստ է ստանձնել այդ պարտավորությունները, թե կընդունի դրանք լոկ ի գիտություն։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





























