Հալեպում փետրվարի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը եւ հետեւանքների վերացմանը նվիրված քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին Հալեպի հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգեւորականներ:
Միջոցառմանը «Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը:
Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը, եւ որ Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդի հայրենիք, մեծ պատասխանատվություն է կրում` ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար միջազգային հանրության գործադրած ջանքերում: Որպես դրա վառ օրինակ` Տիգրան Գեւորգյանը մատնանշեց Հայաստանի կողմից նախաձեռնած եւ Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը միջազգային ամենաբարձր հարթակներից բազմիցս բարձրացրել է Ցեղասպանության հանցագործության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման կարեւորությունը:
Խիստ կարեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը` գլխավոր հյուպատոսը նշեց, որ այն Հայաստանի եւ աշխարասփյուռ հայության պայքարի ավարտ չէ` ավելացնելով, որ «հիշում ենք եւ պահանջում» կարգախոսով անցնող միջոցառումները նոր փուլի սկիզբն են»: Այս համատեքստում նա խիստ կարեւորեց Հայաստան-Սփյուռք ամուր կապերն ու համադրված փոխգործակցությունը:
Դասախոսության ավարտից հետո գլխավոր հյուպատոսը պատասխանեց ներկաների հարցերին:





























