Ես այստեղ եմ, որպեսզի նպաստեմ Հայաստանի տնտեսության աճին։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի հայտարարությանը՝ դեսպանը նշել է, որ վերջին հարցազրույցի ժամանակ Ռուբինը հստակ ցանկացել է նշել, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրները պայմանավորված չէին միայն առանձին ձեռնարկությունների եւ անհատների հանդեպ պատժամիջոցներով։ «Պետքարտուղարի տեղակալի օգնականն ասաց, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրների համար շատ պատճառներ կային, որոնց թվում՝ նավթի գնի անկումը, ոչ էներգետիկ ոլորտներում ներդրումների բացակայությունը եւ Ռուսաստանի տնտեսության կառուցվածքային այլ խնդիրները։
Անկասկած, պատժամիջոցները նույնպես որոշակի ազդեցություն են ունեցել։ Սակայն մենք չենք ցանկանում, որպեսզի դերանց բացասական հետեւանքները վնաս հասցնեն Ռուսաստանի հարեւան երկրներին ու Հայաստանին։ Առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում պաշտոնական անձանց հետ իմ ունեցած հանդիպումների ժամանակ ես կանդրադառնամ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերին։ Գարնան վերջին հնարավոր են նաեւ հանդիպումներ հայ եւ ամերիկացի տնտեսական գործիչների միջեւ»,- եզրափակել է Միլզը։




























