Մոսկվայում կնոջը եւ 7-ամյա աղջնակին փետրվարի 14-ին սպանելու կասկածանքով ձերբակալված Խորեն Ղազարյանը զբաղվում էր բեռնափոխադրումներով. նա Car Trade ընկերության սեփականատերն է:
Ղազարյանին պատկանող ընկերություններից մեկի աշխատակիցը NEWS.am-ին պատմեց, որ Խորեն Ղազարյանը եղբոր՝ Կորյուն Ղազարյանի հետ տարիներ առաջ համատեղ բիզնես է ունեցել, սակայն այնուհետեւ խնդիրներ են ունեցել եւ կարողությունը բաժանել են:
«Խորեն Ղազարյանի կինը՝ Վիկտորիան, աշխատել է նրա մոտ, ընկերության վաճառքի գծով մենեջերն է եղել»,- ասաց նա:
Նա հայտնեց, որ Խորեն Ղազարյանն անհաշտ է եղել կնոջ հետ, միշտ վիճել են միմյանց հետ:
Ընտանիքի մտերիմները մեզ հետ զրույցում, սակայն, հայտնեցին, որ չեն հավատում՝ Խորեն Ղազարյանը նման քայլի դիմեր:
«Վիկտորիա Կարագուլյանը աշխարհի ամենաբարի եւ համեստ մարդն էր: Խորենը պաշտում էր նրան եւ երեխային: Իրենց տանը երբեք վեճ չի եղել, շատ համերաշխ ընտանիք էր: Անհնար է, որ Խորենը նման բան աներ, Վիկտորիան էլ չէր անի»,- ասաց մեր զրուցակիցը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:
Նա պատմեց, որ դեպքի օրը Խորեն Ղազարյանը տուն է եկել գիշերը 04:00-ի սահմաններում եւ դուռը կողպված գտնելով՝ գնացել է մեքենայի մեջ քնելու:
«Առավոտյան 8-ին Խորենը եկել է, դուռը թակել, բայց բացող չի եղել: Նա էլ տանիքին ներս է մտել, պատուհանից նայել եւ փրկարարների կանչել անմիջապես, որոնք էլ դուռը բացելով՝ գտել են Վիկտորիային եւ երեխային սպանված:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ փետրվարի 14-ին ոստիկաններն ու փրկարարները Մոսկվայի կենտրոնում գտնվող առանձնատանը հայտնաբերել են հայտնի գործարար Խորեն Ղազարյանի կնոջ եւ դստեր արյունաշաղախ մարմինները: Գործով զբաղվող քննչական խումբը սկզբում վարկած էր առաջ քաշել, որ երեխային սպանել է մայրը, այնուհետեւ ինքնասպան եղել: Ավելի ուշ, ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ գործով ձերբակալվել է հայտնի գործարարը:































