ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից ձեւակեպված սկզբունքները մեկ ամբողջություն են, մեսիջ են՝ ուղղված Ադրբեջանին, որն ուզում է այդ հայտարարությունից առանձնացնել իրեն ձեռնտու սկզբունքերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը փորձում է Մադրիդյան սկզբունքներից առանձնացնել բոլոր այն դրույթները, որոնք ձեռնտու են իրեն: «Հայտարարության տեքստից ինչ-որ դրույթներ առանձնացնելու ցանկացած փորձ դժվարացնում է հավասարակշռված լուծման հնարավորությունը: Դա բացարձակապես անտրամաբանական է՝ փաթեթից հանել ինչ-որ էլեմենտներ եւ հայտարարել, թե դրանք ընդունելի են, իսկ մնացածները՝ ոչ»,-ասաց նա:
Զոհրաբյանը նշեց նաեւ, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է համալիր կարգավորում ստանա, եւ կարգավորման առանցքային կետը ԼՂ կարգավիճակն է, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի շուրջ արդեն իսկ փոխզիջումային ֆոն է ձեւավորվել: «Սա նշանակում է, որ քանի դեռ բոլոր կողմերը համաձայնության չեն եկել, ոչինչ համաձայնեցված չէ: Համանախագահներն իրենց հայտարարությամբ հերքեցին Մամեդյարովի խոսքերն այն մասին, թե պետք է քննարկվի Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը»,-ասաց նա:




























