Մարսելի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների վերաբերյալ որոշման նախագծի օգտին: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ը:

Քվեարկությունից առաջ Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը կարդացել է որոշման տեքստը: Դրա համաձայն, Մարսելը պարտավորվում է խրախուսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հիշատակի ցանկացած միջոցառման անցկացում: Որոշման մեջ նշվում է, որ Մարսել քաղաքը Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու է մի շարք նախագծերով, որոնց նպատակն է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, նպաստել Ցեղասպանության մասին իրականության տարածմանը եւ պայքարել դրա ժխտման դեմ:

«Մարսել քաղաքը 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ մարդկանց է ընդունել, եւ այսօր այստեղ մեծաթիվ հայ համայնք է բնակվում»,- նշել են փաստաթղթի հեղինակները՝ հիշեցնելով, որ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունած օրենքով Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչել է 1915 թվականի Ցեղասպանությունը:

Բացի այդ, որոշման ընդունման ժամանակ հաշվի է առնվել, որ, «չնայած պատմական վկայություններին, 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը շարունակում է ծաղկել, եւ այդ ժխտումը վիրավորանք է զոհերի հիշատակի եւ նրանց սերունդների արժանապատվության համար»: Փաստաթղթի հեղինակները նաեւ նշել են, որ Մարսելի հայ համայնքը մեր ներդրում է ունեցել քաղաքի եւ դրա մշակույթի զարգացման գործում: