Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Վճռաբեկ դատարանը մերժում է վարույթ ընդունել Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը: Որոշման մեջ նշվում է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերի փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Նշենք, որ փաստաբան Արա Զաքարյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների կայացրած որոշումը: Գործը Վճռաբեկ ուղարկվել էր հոկտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:





























