Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանները դիմել են Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին: Այս մասին NEWS.am-ին ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Նա հայտնեց, որ դիմումով խնդրել են Աղվան Հովսեփյանին ստուգել, թե Վարդան Պետրոսյանի բժշկական փաստաթղթերում ինչպիսի ապօրինություններ են կատարվել:
«Դիմել ենք Աղվան Հովսեփյանին, որ քննության առնվի դիմումում առկա փաստերը եւ քրեական գործ հարուցվի բժիշկների դեմ, որոնք խախտումներ են կատարել, ջնջումներ փաստաթղթերում, ավելացումներ: Խոսքը նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տրամադրած փաստաթղթերին էլ է վերաբերվում: Այս ամենը պետք է քննվի եւ քննչական մարմինը համարժեք քայլեր պետք է ձեռնարկի»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ սա պատասխանն է պաշտպանական կողմի՝ Հատուկ Քննչական ծառայությանը դիմելուն:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ՀՔԾ՝ դերասանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կողմից փաստաթղթերի կեղծման եւ անգործության փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: ՀՔԾ-ից փաստաբանի դիմումին չէին արձագանքել, ինչից հետո Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր դատարան՝ ՀՔԾ-ի դեմ բողոք ներկայացնելով իր դիմումն անպատասխան թողնելու համար: Փետրվարի 2-ին դատարանը բավարարել է Բաղդասարյանի բողոքը եւ ՀՔԾ-ին պարտավորեցրել 15 օրվա ընթացքում պատասխանել հանցագործության մասին փաստաբանի ներկայացրած հաղորդմանը ՀՔԾ:
Նշենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից: Դատական նիստից հետո Վարդան Պետրոսյանի ընկեր Սարգիս Միքայելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հակոբյանների փաստաբանի պատճառով կողմերը չհաշտվեցին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:





























