Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը որեւէ կապ չունի կատարված սպանության եւ գործով մեղադրվող մյուս անձանց հետ: NEWS.am-ի հետ զրույցում պնդեց մեղադրյալի փաստաբան Հովիկ Արսենյանը:
Նա պատմեց, որ դեպքի օրը Նորիկը պատասխանատու սպաների հետ պարապելիս է եղել, այդ պատճառով են նրան մեղադրանք առաջադրել:
«Տարօրինակ եւ անհասկանալի է, որ Նորիկին այդ քառյակի մեջ են գցել: Նորիկը բացարձակապես կապ չունի կատարվածի հետ, ընդամենը արթուն է եղել այդ գիշեր»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ առկա բոլոր ապացույցներն արհեստածին եւ սուբյեկտիվ:
Հովիկ Արսենյանի խոսքով՝ իր պաշտպանյալը դեռ ցուցմունք չի տվել, սակայն պատրաստ է դա անել:
«Ոստիկանությունում էլ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, սակայն դրա մասին այս պահին խոսել չեմ ուզում»,- ավելացրեց փաստաբանը:
Նշենք, որ Նորիկ Սահակյանը Շիրակի մարզից է, սովորում էր ռազմական ինստիտուտի առաջին կուրսում:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։





























