2014 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում ամենից շատ ուշադրություն են գրավել Դիլիջանն ու երեւանյան Դավիթաշենը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում գնահատման խոշորագույն ընկերության՝ «Օլիվեր գրուփ»-ի հիմնադիր Հրաչ Հակոբյանը՝ մեկնաբանելով ընկերության կազմած 2014 թվականի շուկայի վերլուծությունը:
Դավիթաշենում նկատվում է ե՛ւ գործարքների, ե՛ւ արժեքի աճ: Ըստ Հակոբյանի, շատ հարցերում դա կապված է մի շարք պետական մարմինների փոխադրման հետ. անձնագրային եւ վիզաների վարչությունից եւ Արդարադատության ակադեմիայից հետո, մինչեւ 2015 թվականի ավարտն այստեղ շահագործման կհանձնվի նաեւ Ազգային օլիմպիական կոմիտեի համալիրը:
Հետաքրքրության աճ է նկատվում նաեւ Աջափնյակ համայնքի նկատմամբ՝ այնտեղից դեպի Իսակովի պողոտա ավտոմայրուղու բացումից հետո:
Մարզերում ամենից շատ պատվերներ կան Դիլիջանում, որը, բացի զբոսաշրջային կենտրոնից, նաեւ միջազգային քոլեջի քաղաք է դարձել: Բնակելի նոր շենքեր այստեղ չեն կառուցվում, սակայն վարձակալության շուկան շատ ակտիվ է: Արդեն ցանկացած սեզոնի դատարկ տներ եւ քոթեջներ այստեղ գրեթե չկան:
Բավական ակտիվացել է Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիի բնակարանային շուկան, երբ 2014 թվականի հոկտեմբերին կառավարությունը որոշեց ցուցակագրված մնացած բնակիչներին ոչ թե բնակարան, այլ դրանց գնման սերտիֆիկատ տալ:
«Դրանից հետո որոշ ակտիվացում նկատվեց: Սակայն դրամի փոխարժեքի անկման հետեւանքով գների անկումն անխուսափելի էր: Տեղի ունեցավ այն, ինչ եւ ամբողջ հանրապետությունում. դոլարով արտահայտված գները նվազեցին, իսկ դրամով՝ փոքր-ինչ բարձրացան»,- հավելեց Հակոբյանը:





























