2014 թվականին Հայաստանից ծխախոտի արտահանումն ավելացել է 1.7 անգամ՝ հասնելով 116.6 մլն դոլարի: Այս մասին են վկայում Հայաստանի՝ անցյալ տարվա արտաքին առեւտրի վիճակագրական տվյալները:

Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության տեղեկացմամբ, բնական արտահայտությամբ արտահանումն աճել է 76%-ով՝ հասնելով շուրջ 10.7 մլրդ հատ ծխախոտի:

Մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է արտահանումը դեպի արաբական երկրներ, իսկ խոշորագույն ներկրողը դարձել է Իրաքը: Այս երկիր արտահանումն աճել է 71%-ով եւ կազմել 79.1 մլն դոլար:

Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումն աճել է 44%-ով՝ հասնելով 3.27 մլն դոլարի: Արտահանումն աճել է նաեւ դեպի Հորդանան (գրեթե 18 անգամ՝ հասնելով 3.35 մլն դոլարի) եւ Սիրիա (ավելի քան 6 անգամ՝ կազմելով 18.26 մլն դոլար):