Նորք Մարաշ թաղապետարանի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով ձերբակալվել է Volkswagen մակնիշի մեքենայի վարորդ 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Վարորդը մասնագիտութւյամբ իրավաբան է, նախնական տեղեկություններով՝ նա խմած չի եղել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարեւանությամբ Volkswagen մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4 հոգու: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Վրաերթի ենթարկվողներից  2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ: Երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք հետիոտներին տեղափոխել էին Նորք Մարաշի հիվանդանոց: Երեխաները զույգ էին, 8 ամսական, ողջ մնացած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ականատեսները հիվանդանոցում պատմել են, որ մեքենան հարվածելիս  է եղել մի տատիկի, սակայն որպեսզի չհարվածի, շրջադարձ է կատարել, ինչի արդյունքում հարվածել է մորը եւ մանկասայլակին գտնվող զույգ երեխաներին: