Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովի ընկերությունները պետությանը պարտք են ընդհանուր առմամբ 1 մլրդ դրամ (մոտ 2,7 մլն դոլար)։ Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի առավել խոշոր ապառքներ (հարկային չվճարված պարտավորություններ) ունեցող ընկերությունների ցանկում։ «Արմավիայի» պարտքը կազմում է 791 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար), «Միկա ցեմենտինը»՝ 284 մլն դրամ (մոտ 700 հազ. դոլար)։
Եթե «Միկա ցեմենտի» մոտ ապառքների կուտակումը ինչ-որ տեղ հասկանալի է՝ կապված ցեմենտի արտադրության եւ իրացման ծավալների կտրուկ անկման հետ, ապա «Արմավիայի» ֆինանսական անկայունությունը կասկածների տեղիք է տալիս։ Հիշեցնենք, որ կառավարությունը «Արմավիային» ուղեւորափոխադրումների իրականացման բացառիկ մենաշնորհ է «նվիրաբերել», որն ուժի մեջ է մինչեւ 2013 թ.։ Այս մենաշնորհի շնորհիվ «Արմավիան» կարողացավ մի շարք ուղղություններով բարձրացնել տոմսերի արժեքը՝ ապահովելով գերշահույթներ։ Սակայն «Արմավիան» խոշոր հարկատուների մեջ երբեք չի «երեւացել», նույնիսկ հազարյակում չկա, այսինքն՝ գործնականում ընկերությունը հարկեր չի էլ վճարում։ Սա այն դեպքում, որ շահագործում է 3 «Էյրբաս» եւ 1 «Բոինգ» ինքնաթիռներ։ Իհարկե՝ Հայաստանում ոչ ոքի չես զարմացնի նրանով, որ խոշոր ընկերությունը կամ օլիգարխը հարկեր չի վճարում, սակայն նույնիսկ հայկական ստվերի առումով բացառիկ դեպք է, երբ ընկերությունը, լինելով խոշոր եւ պահպանելով գերիշխող դիրք, ընդհանրապես հարկ չի վճարում։
Ըստ ռուսական «Վերսիա» պարբերականի՝ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում է՝ զիջելով միայն Գագիկ Ծառուկյանին եւ մաքսային վարչության նախկին պետ Արմեն Ավետիսյանին։ Այսինքն՝ նրա հարստությունն ավելի է գնահատվում, քան հայտնի օլիգարխներ Հրանտ Վարդանյանինը, Սամվել Ալեքսանյանինը կամ Սուքիասյանների ընտանիքինը։ Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է հանրապետության թիվ երրորդ օլիգարխը ոչ միայն հարկեր չվճարել, այլեւ 1 մլրդ դրամի ապառք կուտակել։




























