Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը առաջարկել է համեմատել Եվրասիական միության անդամ երկրների օրենսդրությունները՝ դրանք միության աշխատանքների համար ներդաշնակ դարձնելու նպատակով։
«Կարծում եմ, որ ՌԴ եւ Բելառուսի Բարձրագույն պետական խորհրդի առաջիկա նիստին կարելի է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին համապատասխան հանձնարարություն տալ երկրների օրենսդրությունների միջեւ յուրօրինակ համեմատություն անցկացնելու մասին։ Նախարարները կարող են ուսումնասիրել, թե ինչ նոր իրավական ակտեր է հնարավոր ընդունել դրանք ներդաշնակ դարձնելու համար»,- հայտարարել է Մյասնիկովիչը ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ Մոսկվայում ունեցած հանդիպման ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը 2014թ. մայիսի 29-ին Աստանայում համաձայնագիր ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին, որին 2015թ. հունվարի 2-ին միացավ նաեւ Հայաստանը։ Մայիսին սպասվում է Ղրղզստանի անդամակցությունը։ ԵՏՄ ստեղծումը նախկին Մաքսային միության անդամ երկրներին, որոնց ՀՆԱ-ն կազմում է ԱՊՀ համախառն արդյունքի 85 տոկոսը, հասցնում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով՝ ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն շուկայի ձեւավորման գործընթացը, որը նոր հզոր կենտրոն կդառնա տնտեսական զարգացման համար։


























